Չգիտեմ…

Սկսենք…

Օգոստոս 12, 2009 · Leave a Comment

Չեմ սպասում որ այստեղ պիտի բացահայտեմ գոյության ու կյանքի գաղտնիքը, պարզապես մտքեր: Խնդիրնր այն է, որ շնչելուն, սնվելուն, ամենորյա նույնատիպ աշխատանքը կատարելուն զուգընթաց մարդու մոտ առաջանում են մտքեր և ի տարբերություն կենդանիների, որոնց մոտ գուցե նույնպես առաջանում են, մենք ոչ միայն գիտենք գրել, այլ նաև համարում ենք դա ինչ որ կարևոր նվաճում (և գուցե չենք սխալվում): Ուրեմն ես էլ համարելով իհարկե իմ մտքերը ամենաճշմարիտն ու կարևորը գրում եմ դրանք, իսկ ձեզ էլ թողնում եմ վայելել իմ մտքի ոլորապտույտ թռիչքները… դե մտածեք ինչ ուզում եք բայց ես սկսում եմ…

→ Leave a CommentCategories: 1

Փոխե՞լ Աշխարհը

Դեկտեմբեր 13, 2009 · Leave a Comment

Այ ասում են “ուրիշ աշխարհ” , կամ նույնիսկ` “նոր աշխարհ”, “ուրիշ աշխարհը հնարավոր է”*, “փոխիր աշխարհը” … դուք հասկացաք… ու միշտ ենթադրվում է, որ բոլորը հասկանում են ինչի մասին է խոսքը, ես էլ եմ հասկանում, որ իրանք հասկանում են…

ԲԱՅՑ առաջանում են հարցեր` ի՞նչ ուրիշ աշխարհ, կամ լավ, ասենք հասկացա, արդյո՞ք դուք վստահ եք, որ իմ, մեր, ամեն մեկիս ու բոլորիս ուզած “ուրիշ աշխարհը” նույնն է, կամ ավելի վատ, միթե՞ մենք, նկատի ունեմ մեզ` հոմոսապիենսներին, ընդունակ ենք լինել փոխողը (տվեք ավտոմատը գնամ փոխեմ, հա՞ :) ):

Սրանք ու էլի հարցեր առաջանում են ու ես չգիտեմ պատասխանները, չնայած կասկածում եմ մի բանի կգայինք, եթե կոնկրետացնենք թե ինչ ենք փոխում, ոնց ենք փոխում, հնարավոր է արդյոք, ումից ենք սկսում…

Թե չե կստացվի, որ մենք պիտի հարգենք ամերիկային, որովհետև նրանք սևամորթներին ազատություն են տվել (իհարկե դուք հիշում եք ով իրենց զրկեց դրանից), հետո էլ փրկելու ենք աֆրիկան մեր իսկ ժլատ, ու դեպի ամեն ադամանդը ձգվող ձեռքերից :(

Իսկ մինչև էտ, պռոտեստի նկատառումներով, ես կողմ եմ սադո-մազո, նարկոտիկախառը, սպանություններով, արյունով… աշխարհ ստեղծելուն: Վախենալու է՞: Չգիտեմ:

—————-
*
“another world posible” (c) WSF (չնայած սրանք ոնց որ չեն թաքցնում իրենց ուզածը ;)
“bethechange”, (c) CNN (փրկենք աֆրիկացիներին մեզնից)

→ Leave a CommentCategories: Կյանք

Ահա պատահական մեկը անհամար չգիտեմներից

Օգոստոս 12, 2009 · Leave a Comment

Կյանքի ամենավառ և, ինչպես պատմում էին, հետաքրքիր տարիքում ամեն հաջորդ օրվա գալուստի մասին անհանգստանալով օրն անց կացնելը, կարծես թե այն լուսապայծառ երիտասարդության պատկերը չի, որը ձևավորվել էր, արդեն նույնիսկ չգիտեմ, թե ում կողմից: Ովքե՞ր էին դրանք: Դեր երեկ էր, երբ հեգնանքով էի վերաբերվում և քմծիծաղ տալիս նրանց, որ ապրում են ժամանակավորապես և անհամբեր սպասում, որ կյանքը ուրորէ կսկսվի, իսկ այժմ, գրեթե գիտակցաբար, դարձել եմ իմ իսկ կյանքի յուրաքանչյուր հաջորդ օրվա (կարդա` ապագայի) թշնամին: Երևի մխիթարանքի, թե գուցե ավելի հիմնավոր կարգով թվում է ինձ, որ այդ` կենդանի էակին ոչ բնորոշ, գործելաոճը հետևանք է աշխարհայացքային սխալ նախապատրաստման, չէ որ սիրո, ուրախության, հանգստության, անկախության, վերջապես, սպասումով` բախումը անիմաստության և անելանիլիության հետ առավել ծանր է: Իսկ գուցե այդ Մեծ կյանքի վայելքները արդեն եղե՞լ են, միթե չես հիշում իմ բարի ընկեր, այն խոստումները, որ տալիս էինք բաժակաճառերի ժամանակ և ինքներս էլ ծիծաղում դրանց անկեղծության և անպաշտպանության վրա, չես մտաբերում այն օրերը, որոնց ավարտը ոչ գալիս էր, ոչ էլ սպասված էր, իսկ Նրան, վստահ եմ, չեմ մոռանա երբեք: Ի՞նչ էր քո կարծիքով այդ ամենը, գիտե՜մ, որ դրանից հետոյի մասին պատկերացումներ ոչ մեկ չի տալիս և չի ստեղծում, որովհետև, երևի անիմաստ է անիմաստությանը նախապատրաստվել, չէ՞: Թույլ չտալով ինձ ընկնել բարի և անհոգ օրերի գիրկը… բայց ինչու եմ ստում, ո՛չ, ոչ մեկն էլ բարի չէր, ոչ էլ, առավելևս, անհոգ, այն տարիների ուրախությունը ավելի իրական է դիտարկել որպես ինքնապաշտպանության վերջին փորձ, սեփական անհուսությանը չհավատալու ուղղությամբ կատարվող ջանքեր, կամ իր հիվանդությունը խելագարության աստիճան մոռանալ տենչող շիզոֆրենիկի խենթություններ: Ցիննիկ: Միշտ էլ այդպիսին եմ եղել: Ու լավ տարիների գիրկ ընկնելն էլ ինձ երբեք չեր սպառնում, ոչ միայն վերջիններիս բացակայության պատճառով (չնայած դա լուրջ գործոն է) այլ նաև այն մշտական գիտակցման, որ դա անհոգ և ուրախ չէր և զուտ, սկզբում երևակայական, իսկ հետո նաև կոլլեկտիվ, փորձեր էին գիտակցաբար թաքնվել նրանից՝ ինչից հնարավոր չէ: Ճի՛շտ է` ապուշություն: Պարզ է, որ այսպիսի մարդը ունակ չէ գտնել այն ինչ իրեն խոստանում էին, որովհետև չի ուզում տեսնել, կասեն ինձ խոստացողները, ու ես կմտածեմ դրա մասին այս գիշեր…:

Հարցն, երևի, ինչպես և բոլոր հարցերը այս փոքր և դեր շատ երիտասարդ մոլորակի վրա, վաղուց հայտնի է, կ՞ա արդյոք լույս ճանապարհի վերջում, ինչ կա խաչմերուկից այն կողմ, և, ամենակարևորը, ինչից վախենալ մթությունի՞ց, թե նրանից ինչ կարող է թաքնվել նրանում: Վաղվա օրվա տեսնելու ցանկության բացակայությունը, հուսով եմ (կարդա` վստահ եմ) կհաղթահարվի մայր բնության կոմից իմ նախնիներին տրված ադապտացիայի ուժեղ ունակությամբ: Միակ հարցը, որ մնում է, գոնե հիմա, ինչ կլինի դա` սովորել քայլել մթության մեջ, կարողանալ տեսնել հեռուն և քայլել վստահ, թե կուրանալ աչքերին կիրառություն չգտնելով: Հնչում է, իհարկե, շատ ծանոթ և հստակ` “լինել թե չլինել”, ահա որտեղ է մեծ գրողի գործի անմահության գաղտնիքը` մենք:

Բացահայտումների երեկոն շարունակվում է հարգելի ընթերցող, եթե կա այդպիսին, անցնենք ամենահետաքրքրին, նրանց ում մասին փարոսը կորցրած գիտակցությունը, հիշել անգամ չի ուզում, բայց բավականին գիտակից է կասկածելու թե կարիքը` ինչպես եղել է միշտ, կա, բայց իրատես է ավելի` հասկանալու համար դրա մոռացման անհրաժեշտությունը փրկվելու համար: Հետագա գոյության հնարավոր ճանապարհների որոնման բարդ, և թվում է թե անվերջ, այս պրոցեսում կան իհարկե առանձին, դեռևս կասկածելի և զուտ տեսական տարբերակեր, որ հակառակ սեռի քնքշանքը, կարող է և լինել այն ուղին, որը կհանի մեզ այստեղից, բայց տեղյակ լինելով գինու և նույն այդ սեռի` կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդեցության մասին, այդ, թեկուզ և տեսական, տարբերակները մերժվում են և դրվում գլուխը ավազի մեջ խրելու տարբերակների շարքում, այսպես ասած, վերջին տարբերակ: Այս ամենի հետ, երիտասարդ արու օրգանիզմին հաշտվելը, իհարկե, ծանր է, որովհետև կան մեր անկատար մարմնում օրգաններ, որոնք, ինչքան էլ ցավալի է ընդունել, պակաս գիտակցությամբ են առանձնանում և թեև տվյալ դիտարկվող առանձնյակը ընտրել է ռացիոնալիզմին տուրք տալու և անվարան հետևելու ճանապարհը, բայց թեժ պայքար է տանում իր իսկ երակներում, իր իսկ հետ: Կա տարբերակ, որ այդ պայքարի վրա ծախսվող էներգիան կարելի է օգտագործել ավելի կիրառական ուղղությամբ, բայց դրա մեթոդների մշակման համար ժամանակ չկա: Այսպիսով դարերի պայքարը կյանքի և մահվան, այսօրվա և հավերժի, մարմնի և հոգու` առանձին վերցված էակի մեջ, այսպես ասած, լաբորատոր պայմաններում: Ցավոք, հասկանալով սեփական մտավոր հնարավորությունները, պետք է ընդունել, որ այդ պայքարը ու ճակատամարտերը դժվար թե բերեն դարավոր հարցերի լուծմանը, այլ, ինչը ավելի իրական և հաճախ հանդիպողն է, կբերեն օրգանիզմի հյուծման և ոչնչացման` այլ օրգանիզմների նույն պայքարին ծառայելու կոչված անվերջությանը ձուլվելու տեսքով, բայց քանի որ այդ պրոցեսը, առանց մեր ներգործման էլ անդարձելի է, դրա մասին անհանգստանալը ժամանակի կորուստ է:

Ընդհանրապես, նույնիսկ իմի բերելով Փրկության հնարավոր (ես կասեի` այժմ տեսանելի) տարբերակները, դժբախտաբար տեսնում ենք, և առավելապես, ավազի մեջ գլխի խրման բազմապիսի ձևեր, որոնց ուժի մասին, թերևս, կարելի է դատել ազդված և երջանիկ երևացող էակների քանակից (չնայած երևի այս դեպքում գլխա-քանակից): Օրինակ, ինչո՞ւ չտրվել հաճոյամոլությանը, չգիտեմ, միթե Իսկական ճանապարհի, որպես այդպիսինի, գույության Հավատն է, որ զսպում է, թե պարզապես սննդական շղթայի ավելի ցածր էակներին նմանվելու ցանկության բացակայությունը, չգիտեմ:

Ահա և այն, սպասված և բնորոշիչ բառ-տերմին-իմաստը` Չգիտեմ: Այո՛, ես չգիտե՛մ (և արդեն վաղուց ;) ): Չգիտեմ ինչ կլինի, ինչ կա, երբեմն կասկածում եմ, որ նորմալ չգիտեմ նույնիսկ այն ինչ եղել է: Չգիտեմ ինչ անել, կամ ինչպես: Մարդկային գոյության ընթացքում այնքան չգիտեմներ են ստեղծվել, որ այստեղ դրանց շարադրելը տեղին չի:

Չգիտեմ, թե ինչպես կարող եմ ավարտել այս անհույս թվացող մենախոսությունը, որովհետև, ավարտի համար պետք է վերջաբան, իսկ ես ոչ միայն չունեմ, կամ դեռ չունեմ, այլ չեմ պատկերացնում նույնիսկ թե ինչպիսին այն կարող էր լինել… կա տարբերակ, որ դա լավ է, որ որոշ բաներ ես չգիտեմ…

→ Leave a CommentCategories: 1

Զուգահեռ աշխարհներ

Օգոստոս 12, 2009 · Leave a Comment

Վստահ եմ որ մտածած կլինեք, գոնե մի անգամ, թե ինչպիսին կլիներ աշխարհը եթե չծնվեիք, կամ ձեր մեռնելուց հետո, երևի հա, ու պիտի որ գար միտքը, որ դուք չէիք իմանա, որովհետև այն աշխարհը, որը դուք գիտեք կա միայն ձեր ուղեղում, չե՞ք մտածել, եթե քնեք ու չարթնանաք, չեք իմանա այդ մասին:): Այսպիսի մտքերի արդյունքում պետք է սկսի թվալ, որ ամեն մեկը ունի իր աշխարհը և ապրում է դրանում, որը, կարելի է ասել, իրականում չկա: Տրամաբանել ցանկացողների համար` ամբողջ ինֆորմացիան արտաքինից մենք ստանում ենք զգայարաններից (գուցե նաև որոշ դեռևս անհայտ), այդ ստացված տեղեկությունները հայտնի են միայն մեզ, և հավանաբար (կարդա՛լ` հաստատ) դրանց հիման վրա կառուցված աշխարհը կլինի տարբեր մյուսների կառուցացիծ:
Ինչի համար էին այս պսեուդոտրամաբանական եզրակացությունները, կհարցնի ինձ այստեղ հասած ըթերցողը, ասեմ, զուտ նրա համար, որ երբեմն մենք չափից շատ ենք եզրակացություններ անում հիմնվելով “մաքուր տրամաբանության” վրա, մոռանալով որ մեր տեսակետը միգուցե կա միայն մեր աշխարհում, դժվար է տարբերել թե ինչը կարելի է համարել բավարար ճշտությամբ ընդհանուր, ինչի վրա հիմնվել: Այ այսպես, ես էլ չգիտեմ ինչ, պարզապես մտածենք, մենք կարող ենք:

→ Leave a CommentCategories: 1