Չգիտեմ…

Just another WordPress.com weblog

Archive for February 2010

Ընկեր ունեցող աղջիկները ավելի ազատ են

with 37 comments

Տառացիորեն ամեն օր ավելի ու ավելի եմ հիասթափվում, որ բոլոր աղջիկները ում ես կհավանեի, կուզեի սիրել, երբեք բաց չթողնել (և այլն, ըստ հայտնի սցենարի) արդեն ընկեր ունեն:

Ինչո՞ւ է այդպես: Ինչպե՞ս կարող է: Եւ այլն:
Ինքնաոչնչացման գործընթացը կանգնացնելու համար, կամ էլ պարզապես հասկանալու պատճառով եկա հետևյալ եզրակացության: Աղջիկները, որոնք խելացի են, գեղեցիկ, ազատ(մտավոր իմաստով), հումորով (և այլն, ըստ ցուցակի) այդպիսիսն են հենց այն պատճառով, որ ընկեր ունեն, և ոչ հակառակը` ինչպես պիտի թվար:

Ի՞նչ:
Այս, եզրակացությունը զարմացնում է: Սակայն այն մի կողմից բացատրում է այն անոմալիաները, որ տեղի ունեն մեզանում հակառակ սեռերի միջանձնային հարաբերություններում (նենց տպավորություն ա, որ բրիտանական խորհրդի համար մանիֆեստ եմ գրում :) ): Մյուս կողմից դա կարելի է շատ հեշտ բացատրել նույն այս, մեր սիրելի, հասարակական ռեժիմի “կանոնների” և, ինչու չէ, կենդանական բնազդների սահմաններում:

Մանրամասնեմ:
Նախ, նրանց ով չհամաձայնվեց “հենց այն պատճառով, որ ընկեր ունեն” հաստատման հետ:
Ես նկատի ունեմ ոչ թե աղջկա մոտ այդ հատկությունների պատահական առաջացումը, այլ դրանց չթաքցնելը: Այս վերջինն է, որ կապված է կյանքի ընկեր, ապագա ամուսին (և այլն, ըստ ցուցակի) ունենալու հետ:

Հիմա անոմալիաներից:
Այդ անոմալիաները թեկուզև տարբեր են, բայց կարելի է ընդհանարացնել մեկի տակ` “երրորդ, կողմնակի անձանց պարտադիր ներգրավումը երկու հակառակ սեռի անձանց ցանկացած հարաբերությունների մեջ”: Այդ կողմնակի անձանց դերում բոլորս ենք, անխտիր, հարևաններ, աղջկա եղբայրներ, տղայի ընկերներ, նույն այդ աղջկա ընկերուհիներ, կուրսեցիներ, անցորդներ, անծանոթներ, մարշուտնու շոֆեռներ և ընդհանրապես ամբողջ ազգը` քուչում պպզածից մինչև թանկանոց բազկաթոռներում տեկիլա խմողները (ամենահետաքրիրը, որ սրանց մեջ այնքան ընդհանուր բան կա, որ իրենք էլ չեն պատկերացնում) հետաքրքրված են, իրենց “քրոջ” ու “հալալ ախպոր” ապագայով (եթե նույնիսկ վերջիններս չեն էլ պլանավորւմ ոչինչ): Հանկարծ ինձ սխալ չհասկանաք, խոսքը միայն “քյառթուական մշակույթի” կրողների մասին չէ` բոլորի: Այստեղից էլ անոմալիաները, որոնք, երկու անձանց թեկուզև անմեղ հարաբերություններում հետաքրքրվածների արդեն հայտնաբերված մեծ քանակի պայմաններում, հասկանալի են` կաշկանդվածություն, ետին մտքեր, դիմակավորումներ, վախ, և այլն ըստ ցուցակների, ցուցակների, ցուցակների…

Բա հետո:
Ի՞նչ է պետք աղջկան ունենալու համար նորմալ (նկատի ունեմ առանց սեռական ենթատեկստի) հարաբերություններ տղայի հետ, առանց անհանգստացնելու և իր դեմ լարելու ազգի մի ստվար գլխաքանակ, ճիշտ է` ալիբի: Իսկ ինչ՞ը կարող է լինել ալիբի, ճիշտ է` ընկեր ունենալը: Եթե, իհարկե, ընկերը վերհիշյալ “մշակույթի” նվիրյալ չէ (նվիրյալները վերջերս բոլոր բնագավառներում են քչացել), ապա բոլորի “բերանները փակ են”, կասկածները մարած, կուրացնող լույսերը անջատված:

Եւ՞:
Եւ մարդիկ բացահայտվում են: Նրանք, որ տարիներով իրենք իրենց խայծ և թիրախ զգալով թաքնվում էին զսպվածության, “տան աղջկա”(վատ իմստով) և այլ անթափանց դիմակների տակ հիմա կարող են բացահայտել բոլոր ունակությունները: Ալիբին լավ բան է:
Սա էլ բերում է սկզբում բերված եզրակացությանը:

Մի քիչ էլ բնազդներից:
Չէի ցանկանա “հայ աղջկա անաղարտ կերպարը” խարխլել, մանավանդ արդեն բազմիցս հիշեշված մշակույթի ներկայացուցիչների աչքերում, բայց աղջիկը առաջին հերթին աղջիկ է հետո նոր հայ ;) : Եւ դա ունի իր առողջ և անհերքելի հետևանքները: Մինչև կյանքում հաստատվելը, բոլոր հակառակ սեռի առանձնյակները բաժանվում են երկու պարզ խմբի` անհույս և պոտենցիալ: Շփվել (կրկին նկատի ունեմ` առանց սեռական ենթատեքստի) անհույսների հետ չի կարելի հասկանալի պատճառներով, շփվել պոտենցիալների հետ չի կարելի գումարային պոտենցիալը չփոքրացնելու համար (հուսով եմ դուք հասկացաք ;) ): Եւ ի՞նչ ստացվեց: Ոչինչ ուրախացնող:

Իմ խորին ցավակցությունները աղջիկներին: Նույնից` տղաներին:
Եւ բոլորիս` համբերություն:
Այսպես: Տխուր և անհույս: Չգիտեմ…

Հ.Գ.
Համոզեք, որ սխալ եմ…

Խնդրում եմ… ;)

Written by chgitem

February 11, 2010 at 23:53

Posted in 1

Follow

Get every new post delivered to your Inbox.